ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հեղափոխության գիշերահավասարը, կամ որքա՞ն կտևի 33 ժամը

Հեղափոխության գիշերահավասարը, կամ որքա՞ն կտևի 33 ժամը
25.09.2018 | 00:11

Գուցե պատահաբար էր սեպտեմբերի 23-ը, երբ Երևանն ավագանի էր ընտրում, համընկել աշնանային գիշերահավասարին, երբ Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցավ հարավային կիսագունդ, որ աստղագիտական աշնան սկիզբն է: Արեգակի սկավառակը չափեր ունի, անցումը հասարակածով տևում է 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասար, երբ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Իսկ գուցե և պատահաբար չէր` երկնքում պատահականություններ չեն լինում, ինչպես երկրի վրա նոր ոչինչ չկա:


Երևանն ընտրեց ավագանի ու քաղաքապետ: Ի սկզբանե ՏԻՄ ընտրություններին տրվեց համատիեզերական մասշտաբ, որ իբր սեպտեմբերի 23-ին, առավոտյան 8-ից երեկոյան 20-ը որոշվելու է հեղափոխության ճակատագիրը: Որքանով էր հաշվարկը ճիշտ, վկայեց ընտրություններին մասնակցության թիվը` 43,65 տոկոս (370 323 հազար), այսինքն` ընտրելու իրավունք ունեցող 848 343 քաղաքացուց 478 020-ը չմասնակցեց: Համեմատության համար` 2017-ին մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 40,99 տոկոսը (345 226)։ Ինչու՞ երևանցիները, որ ապրիլ-մայիսին փակում էին երթևեկությունը ու քաղաքը դարձրել էին պաշարված ամրոց, կիսով չափ գնացին քաղաքապետ ընտրելու: Միայն չասեք, որ խթան չունեին: Հայաստանի հպարտ քաղաքացինե՞րը: Հատկապես` Երևանի՞: Ընտրակաշառքի բացակայությու՞նը նրանց ընտրատեղամաս չտարավ: Գուցե ոմանց` այո: Բայց 424 171-ի մեծամասնությանը ընտրատեղամաս չհասցրեց ընտրության արդյունքի կանխորոշվածությունը և նախընտրական կասկածելի հռետորաբանությունը, որի սկիզբը դրեց Հայկ Մարությանի սև-սպիտակը, որ հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի սև-սպիտակ: Երևանը Նիկոլ Փաշինյանին պատասխանեց, որ նրան հավատում է 44 տոկոսով, ու դա այն պատասխանը չէր, որ ընտրարշավի սկզբից ակնկալում էին ՔՊ-ականները` բացարձակ արշավ սկսելով բոլոր քաղաքական ուժերի դեմ: Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից անվերջ հեղափոխություն չի ուզում «Միտինգ, միտինգ մինչև վերջ» բանաձևով: Առավել ևս, գալիս է պահ, ու այդ պահն արդեն եկել է, որ երիտհեղափոխականների աննահանջ էյֆորիան այլևս չի ընկալվում իբրև կառավարման միակ հնարավոր ձև: Այո, Երևանը փաստացի Նիկոլ Փաշինյանին ընտրեց քաղաքապետ, և դա պաշտոնի իջեցում է` վարչապետից քաղաքապետ, բայց դա իր ընտրությունն էր: ՈՒ այս ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը և միայն Նիկոլ Փաշինյանը պիտի կայացնի իր կյանքի ամենակարևոր որոշումը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ միապետական ու մենիշխանական նույն ռազմավարությա՞մբ, թե՞ ընդունել, որ բաժանարար գծերը հեղափոխության նպատակը չէին ու իր խնդիրը ՀՀԿ-ի իշխանությունից հետո երկիրը ՔՊ-ի իշխանությանը ենթարկելը չէ: Որ դա պարտության ճանապարհ է:

Երիտհեղափոխականները նրան չեն կարող խորհուրդներ տալ: Հրապարակային մակարդակում մայիսի 8-ից հետո թիմը խաղացել է Փաշինյանի դեմ` ստեղծելով տպավորություն, որ հեղափոխությունը ոչ թե իրավիճակ փոխելու միջոց էր, այլ գերնպատակ և անվերջ գործընթաց, և այդ գործընթացում ժողովուրդը օգտագործվում է որպես միջոց: Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ թե 2019-ի մայիս-հունիսին, այլ մինչև 2018-ի տարեվերջ կազմակերպելու տարբերակը` չկորցնելու համար իր ընտրախավը: Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակը լինելու է այն պատվանդանը, որի վրա ՔՊ-ն փորձելու է կառուցել ապագա հաղթանակի վերնաշենքը: ՏԻՄ ընտրությունը համապետական ընտրության հետ համեմատելը սկզբունքային սխալ է: Առավել ևս այդ հաղթանակի անվերապահությունից եզրակացություններ անելը, բայց նա ստիպված է վաբանկ գնալու: Նիկոլ Փաշինյանին մայիսից սեպտեմբեր հաջողվեց տնտեսությունը պահել կայուն մակարդակի վրա, դրամը` ևս: Բայց չհաջողվեց կանխել խայտառակ գնաճը: Չհաջողվեց ներդրումներ բերել ու աշխատատեղեր ստեղծել:

Ամենակարևորը` չկա վաղվա օրվա վստահությունը: Կան պաթետիկ հայտարարություններ, կոչեր, սպառնալիքներ ու խոստումներ:
Ընտրությունների օրը չեղան մասշտաբային խախտումներ, «տասովշչիկները» պարապուրդի էին մատնվել, ընտրակաշառքի մի քանի դրվագները ընտրության արդյունքների վրա չէին կարող ազդել: Միանշանակ` Երևանում կազմակերպվեցին օրինական ընտրություններ` տեխնիկական մասով: Բայց դա դեռ չի նշանակում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որ լուծելու են իշխանության հարցը, կլինեն հենց այս կերպ ու օրինականությունը կպահպանվի, երբ այդքան բարձր գին ունեն ընտրությունները: Երևանի ավագանին ու քաղաքապետի անձը հաստատ արտաքին քաղաքական ու տնտեսական ազդեցության չէին ձգում, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններում, անկասկած, լինելու է արտաքին ներգործության փորձ: Դատելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից` այդ ներգործությունը բնավ էլ աննշան չէ ու գերակայում է որոշումների ընդունման մեջ:


Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն օգտագործեց իր ողջ քաղաքական ռեսուրսը, որ նույնանում էր վարչական ռեսուրսի օգտագործմանը: Հազիվ թե «Իմ քայլը» հասներ նման հաջողության, եթե հանրահավաքները չվարեր Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե ինքնաբերաբար մրցակցությունից դուրս էր դնում «Իմ քայլին»: Ի՞նչ երաշխիք, որ Աժ արտահերթ ընտրություններում ՔՊ-ն մի կողմ կդնի քաղաքական հակադրության մոդելը և այդ ընտրությունները ևս չեն անցնի «մայթերին պառկացնելու», «պատերով տալու» մակարդակում: Ի՞նչ երաշխիք, որ ընտրակաշառքի ահազանգերը չեն լինի քաղաքական ուղղորդումներ, ու ոստիկանությունը չի գերազանցի իր լիազորությունները` կողմնակի ազդելով ընտրությունների արդյունքների վրա` հայերը սիրում են «զոհերին»:


Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում առաջադրվել էր քաղաքական 12 ուժ` ԲՀԿ. «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅԴ, «Հայք», ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները և «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները: 65 մանդատի համար: Կուսակցություններին պետք էր 6 տոկոս, դաշինքներին` 8: Մեծամասնության համար կարևորը ընթացքն էր, ոչ թե արդյունքը, նրանք ուզում էին ճանաչելի դառնալ ու ինքնաներկայանալ: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հին ու նոր քաղաքական ուժերը 0-1 տոկոս ձայների պարագայում առանձնապես հավակնություններ չպիտի ունենան: Եթե դա հասկանալի է «Երկիր ծիրանիի», «Ժողովրդավարական ուղի», «Հայք», ՕԵԿ, ռեֆորմիստների կուսակցությունների, «Երևանի հանրություն», «Երևանցիներ» դաշինքների դեպքում, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն իրենց արդյունքները պիտի համարեն ահազանգ` ԱԺ ընտրություններից առաջ: Հազիվ թե իր հավակնությունները բավարարված համարի նաև ԲՀԿ-ն, որ միլիարդների խոստումների դիմաց անգամ 10 տոկոսի չձգեց: Ի՞նչ կատարվեց «Լույս» դաշինքի հետ` առանձին թեմա է: Նրանք ընտրարշավի 11 օրերին փորձեցին հավասարակշռության մեջ պահել ընտրարշավը` հակադարձելով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային գրոհներին և բացատրելով իրենց տեսակետները` սիրո ու հանդուրժողականության նրա պատկերացումներին հակադրելով իրենցը: Որքանո՞վ հաջողվեց: Առաջին հայացքից` չհաջողվեց, որովհետև երևանցիները լավագույնը խորհուրդ էին տալիս` գնացեք, Նիկոլի հետ լեզու գտեք, առանց խորանալու այդ տեսակետների տարբերության մեջ: Իրականում այդ տարբերությունը այն շանսն է, որ Հայաստանում անձնիշխանություն չի հաստատվի, որ Նիկոլ Փաշինյանի «ժողովրդաիշխանությունը» չի կտրվի ժողովրդավարությունից:


Երևանի ավագանու ընտրության արդյունքները ահազանգ են բոլորիս համար: Փաստացի` մենք շարունակում ենք մնալ հին պատկերացումների շրջագծում և փրկչի սպասումներում: Պարզապես այսօր այդ փրկիչը Նիկոլ Փաշինյանն է:
Անվերջ խոսվեց արժեքների հեղափոխությունից, իսկ արժեքներ չստեղծվեցին: Ցանկացած արժեքի հիմքում չափանիշն է: Ո՞րն է այսօր չափանիշի չափանիշը:
Այն, որ ՀՀԿ-ն փոխարինվում է ՔՊ-ո՞վ: Սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը մի քանի ամսում վերաճեց անորոշության ու ատելության մթնոլորտի: Լավագույնի սպասումներ ունեն միայն նրանք, որ հասցրել են ՔՊ-ին անդամագրվել, և նրանք, որ հույս ունեն անդամագրվելու: Այսինքն, մենք այսօր` 2018-ի սեպտեմբերի 25-ին, նույնքան հեռու ենք ժողովրդավարության իրական մակարդակից, որքան էինք 2018-ի մայիսի 1-ին: Եվ նույն խնդիրները պիտի լուծենք, որ անվերջ հռչակում ու չենք լուծում:


Իսկ խնդիրներից առաջինը և գերագույնը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնումն է: Այդ խնդրի լուծման հիմքում պիտի լինի բոլորիս ինքնագիտակցության վերականգնումը: Տեսականորեն մենք այդ քայլն արել ենք, գործնականում` ոչ: Եթե հետայսու էլ շարունակվի հեղափոխություն-հակահեղափոխություն հակադրությունը, մենք ավելի ենք հեռանալու մեր գլխավոր խնդրից: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել»: Մյուս կողմից, ժողովրդի արած հեղափոխության բոլոր դափնիների տեր համարում է ՔՊ-ին: Ոչ մի երկրում հեղափոխությունից հետո հակահեղափոխությունը չի հաղթել, պետք չէ այդքան խորացնել բևեռացումը: Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի ու ՔՊ-ի միջև, եթե երկուսի էլ գործունեության հետևանքը քաղաքական դաշտի ամայացումն է դառնում: ՀՀԿ-ն ուզում էր իր իշխանությունը պահել, ՔՊ-ն հայտարարում է, որ ժողովրդի իշխանությունն է պահում: Բայց ինչպե՞ս է արտահայտվում ժողովրդի իշխանությունը, եթե միանձնյա որոշումներ է ընդունում Նիկոլ Փաշինյանը` ժողովրդի անունից:


Երևանի ավագանու ընտրությունը վկայեց, որ ամենաանպատրաստը ընտրությանը ինքը ընտրողն է: Փաստացի` միջին վիճակագրական ընտրողին Երևանում չեն հետաքրքրում իրեն ներկայացված ծրագրերը, նա ընտրում է ոչ թե գաղափար կամ ծրագիր, այլ անձ: Ընտրում է տրենդ, իսկ հետո պահանջում է աշխատանք: ՈՒ մեղադրում իշխանությանը, որ չի աշխատում, բայց ոչ իր ընտրությունը: Ընտրելու անընդունակ քաղաքացին դառնում է պետության աքիլեսյան գարշապար, որ անկայունության ու անորոշության պարարտ հող է:
Եվ ուրեմն, խորհրդարանական արտահերթ ընտրություններում էլ ստանալու ենք ՔՊ-ի մենիշխանության 80-90-տոկոսանոց պատկերը: Եվ` հերթական չկայացած մարդ-կուսակցության իշխանությունը: Այս անգամ արդեն՝ ընտրակեղծիքների ու լեգիտիմ: Իսկ մյուս կուսակցություննե՞րը: Պատկերացնու՞մ եք 10-20-տոկոսանոց ընդդիմություն, որտեղ ամբողջ քաղաքական դաշտն է: Ընդդեմ քաղաքական մենաշնորհի ու ժողովրդավարական հակակշիռ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ստացավ «հզոր, հզոր, հզոր մանդատը», որ գնա ու արտահերթ ընտրության հասնելու հարցը լուծի: Մնում է հասկանալ` ո՞ր ճանապարհով նա կգնա` ԱԺ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ նախագահության անդամների հետ քննարկումներով հարցը լուծելու՞, ինչպես խոստացել էր վերջին հանրահավաքում, թե՞ կշարունակի պնդել, որ այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը, ձևավորվել է համատարած ընտրակաշառքի միջոցով և պիտի լուծարվի ժողովրդի ճնշման տակ, իսկ ով դեմ գնաց ժողովրդին` կնքում է իր քաղաքական մահկանացուն, ինչպես պնդում էր նախորդ հանրահավաքներում: Ո՞ր Նիկոլ Փաշինյանը կվերադառնա Նյու Յորքից, ավելի ստույգ` Դուշանբեից: Աշնանային գիշերահավասարին բնության մեջ հաջորդում է գարնանայինը, որից հետո ցերեկները երկարում են ու ավելանում է լույսը: Որքա՞ն կտևի հասարակածով անցման մեր 33 ժամը: Նիկոլ Փաշինյանն արագացնելու է գործընթացները, ժամանակն արդեն սկսում է իր դեմ աշխատել: Ե՞րբ Ժողովուրդը կվերականգնի որոշում ընդունելու իր իրավունքը` իր ու պետության համար:

Դիտվել է՝ 3387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ